Հայաստանը նախատեսում է էլեկտրամոբիլների արտադրություն հիմնել

Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքերը, որ երկրում հիմնվի էլեկտրական մեքենաների արտադրություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ-1» ընկերությանը, որը Հայաստանում հավաքում է ավտոմեքենաներ:

Ընկերության թողարկած արդեն 8 ավտոմքենաները փորձնական խմբաքանակ են: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար Ջանես Ավետյանն է: Գործարանը գտնվում է Նոր Նորքում: «Նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել՝ և ներքին, և արտաքին շուկայի համար»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում այդ մեքենաները ոչ թե արտադրվում են զրոյից, այլ հավաքվում են՝ նախարարն ասաց, որ ցանկացած արտադրություն սկսվում է հավաքումից, հետզհետե տեղի է ունենում լոկալացում:

«Մեզ համար սա շատ կարևոր է: Եվ մենք այս ջանքերը շարունակելու ենք՝ այդ թվում նաև էլեկտրական մեքենաների արտադրության մասով»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ վերջերս այցելել է Չինաստանում ավտոմեքենաներ արտադրող խոշոր ընկերություն: «Եվ մեր թեման եղել է Հայաստանում արտադրություն հիմնելը»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց՝ Հայաստանում մեքենաների միջին տարիքը բավականին բարձր է, կազմում է 20 տարուց ավել: Կառավարությունը շահագրգռված է, որ երկրի ավտոպարկը թարմացվի:

ajax-loader