Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է արդիականանա: Այդ մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում, որը վերաբերում էր առաջիկա 3 տարում գյուղատնտեսության ոլորտի անելիքներին:
«Տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր ցուցանիշներն առնվազն տպավորիչ չեն: Մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում: Մենք այդ թեմայի մասին շատ ենք մտածել, քննարկել: Մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնեսությունը, իսկ ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է ապրում՝ այդ թվում կառավարության ծրագրերով»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության աջակցության այդ ծրագրերը, ըստ նրա, իրենց կողմից ցանկալի մասշտաբներ չունեն, սակայն մյուս կողմից նկատում են, որ ինտենսիվ այգիների հիմանդրման, կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի կառուցման գործընթացը թեկուզ դժվարությամբ, բայց առաջ է գնում:
Վարչապետը նկատեց՝ հիմա մարզերում իսկապես հիմնվում են խելացի անասնագոմեր: «Գյուղատնտեսությունը պետք է արդիականանա»,- նշեց վարչապետը:
Վարչապետն նաև շեշտեց, որ Հայաստանում արտադրված սննդամթերքը պետք է որոշակի անվտանգային և որակական չափանիշների համապատասխանի:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը էլ խոսեց Գյուղատնտեսության մասին օրենքի մշակումից: Նա կարևորեց դա՝ օրենսդրական կարգավորումներով գյուղատնտեսական ոլորտը գրավիչ դարձնելու առումով: