Պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը. Փաշինյան

Առաջիկայում պետք է կոնկրետացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքների քարտեզագրման հիմքը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում:

Վարչապետը տեղեկացրեց, որ Բրյուսելում եռակողմ հանդիպմանը քննարկված հարցերից է եղել Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց՝ համապատասխանաբար 29 800 և 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը:

«Սահմանների դելիմիտիացիան պետք է տեղի ունենա 1991 թ Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Եվ առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,-ասաց վարչապետը:

Տարածաշրջանային հաղորդակությունների բացումը, ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ, պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա:

«Իսկ ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները: Բայց մենք պետք է անհոգնել շարունակենք աշխատանքը՝ գերիների վերդարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզման ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ Բրյուսելի եռակողմ հանդիպումից շատ կոնկրետ արդյունքներ չի կարող ներկայացնել՝ շեշտելով, որ, այսուհանդերձ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ, և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել:

ajax-loader