Արցախից ՀՀ տարածք մուտք գործած ավտոտրանսպորտային միջոցների հատուկ ապահովագրավճարներ են սահմանվել: Այդ մասին ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հաղորդագրությունում:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 31-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 15-ին։
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման արդյունքում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստանի Հանրապետության տարածք և նկատի ունենալով ստեղծված սոցիալական իրավիճակի պայմաններում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը՝ վերոհիշյալ լրացումներով մասնավորապես սահմանվել է, որ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք եղած Ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.
1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,
2) մինչև 2020 թվականի արտադրության է,
3) չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,
4) սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։
Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում։ Պարզապես անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը», – նշված է հաղորդագրությունում։