ԵՄ-ում էլեկտրամոբիլների վաճառքը հունիսին առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը

Եվրամիությունում հունիսին վաճառված էլեկտրական մեքենաների քանակն առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA):

eeeee.png (32 KB)

Ըստ ասոցիացիայի տվյալների՝ հունիսին վաճառված մարդատար ավտոմեքենաների ընդհանուր թվում էլեկտրական մեքենաների մասնաբաժինը 10,7 %-ից հասել է 15,1%-ի (1 միլիոն մեքենաներից շուրջ 158 հազարը)՝ առաջին անգամ գերազանցելով դիզելային մեքենաների վաճառքը։ Էլեկտրական մեքենաները ԵՄ-ում անձնական տրանսպորտային միջոցների երրորդ ամենատարածված տեսակն են։

Դիզելային վառելիքով մեքենաները կազմել են ընդհանուր վաճառքի 13,4%-ը (մոտ. 140 հազ.)։ Այնուամենայնիվ, ԵՄ-ում ամենատարածված մեքենաները շարունակում են մնալ բենզինային շարժիչով մեքենաները (36,3%)։

Դրանց հաջորդում են հիբրիդային մեքենաները (24,3%), որոնց վաճառքը հունիսին կազմել է 32,4 %՝ հասնելով 254 հազարի։

Ասոցիացիան նաև նշում է, որ ԵՄ-ում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը 2023 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,9%-ով։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում ԵՄ-ում վաճառվել է 5,4 մլն ավտոմեքենա։

Փորձագետները վաճառքի աճը կապում են այն բանի հետ, որ ավտոմոբիլային արդյունաբերությունը «վերականգնվել է COVID-19 համավարակի պատճառով առաջացած մատակարարման շղթայի խաթարումից հետո»։ Այնուամենայնիվ, ներկայիս ցուցանիշները դեռևս 21%-ով ցածր են 2019-ի ցուցանիշից։

ajax-loader