Ղրիմում այրվում է ռազմական զորադաշտը․ Երկու հազար մարդ տարհանվել է

Այսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է բռնկվել Ղրիմի ռազմադաշտում, կից զինվորական պահեստում և հրաձգարանում։ «Թավրիդա» մայրուղին արգելափակվել է, կանգնեցված է բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունը, տեղի բնակիչներին տարհանում են։

Իրավիճակը կարգավորելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այն գլխավորում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։

«Թավրիդա» (Կերչ-Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ) ավտոճանապարհի մի մասը արգելափակված է:

Երկաթուղային ծառայությունը գործում է առանց փոփոխությունների. Ղրիմի հյուսիսում «Արմյանսկ», «Ջանկոյ» և «Պերեկոպ» անցակետերը գործում են կանոնավոր ռեժիմով։

Ավելի քան 2 հազար բնակիչ, մոտավորապես մեկ օրով, տարհանվում է հարակից բոլոր շրջանների կրակին ամենամոտ գյուղերից՝ Կրինիչկի, Այվազովսկոյե, Աբրիկոսովկա, Պրիվետնոե։

Բնակիչները կտեղակայվեն Պերվոմայսկի և Կիրովսկի շրջանների դպրոցներում գտնվող ժամանակավոր կացարաններում: Տելեգրամ-ալիքների տվյալներով՝ Կիրովսկի շրջանի պոլիգոնում այրվում է զինամթերքի պահեստ։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտնել է, որ քննչական մարմինները կպարզեն Կիրովսկի շրջանի պոլիգոնում բռնկված հրդեհի պատճառները, տուժածներ չկան։

«Թավրիդա» երթուղու արգելափակված հատվածով անցնող տրանսպորտը շրջանցում է վտանգավոր տարածքը Թեոդոսիայով։

«Տարհանված բնակիչներին օգնություն է ցուցաբերվում, ժամանակավոր կացարաններում գտնվողներին կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ: Հետևանքները կվերացվեն որքան հնարավոր է շուտ: Բոլոր համապատասխան տեղեկությունները հրապարակված են, խնդրում եմ հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին»,- ասել է Ակսենովը։

ajax-loader