Յամունա գետի ափերից դուրս հորդած հեղեղաջրերը Հնդկաստանի Ագրա քաղաքում հասել են Թաջ Մահալ դամբարանային համալիրի պատերին։ Այդ մասին տեղեկացնում է Times of India պարբերականը։
Վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ հեղեղաջրերը ողողել են Թաջ Մահալի մերձակայքի այգին, որը գտնվում է Յամունայի ափին։
Ըստ դամբարանի պահպանման համար պատասխանատու Հնդկաստանի հնագիտական հետազոտությունների ինստիտուտի՝ ջուրը չի ներթափանցել Թաջ Մահալի նկուղային հարկաբաժիններ, ինչը կարող էր վտանգ ստեղծել 17-րդ դարի կեսերին կառուցված սպիտակ մարմարե շինության համար։
1978 թվականին Յամունայի հորդացման ժամանակ Թաջ Մահալի 22 հարկաբաժիններ լցվել էին ջրով և ծածկվել գետի տիղմով։ Դրանից հետո գետի կողմից կառուցվեցին հատուկ շինություններ՝ դամբարանը հեղեղաջրերից պաշտպանելու նպատակով։ Սակայն Յամունայի հորդացումն այժմ վտանգ է ստեղծում Ագրայի այլ ճարտարապետական և պատմական հուշարձանների համար:
Ներկայում Յամունայի մակարդակը Մատհուրայի շրջանում հասել է 167,28 մ-ի, ինչը բարձր է 166 մ անվտանգ մակարդակից։ Հորդացման պատճառ են դարձել անձրևները, ինչպես նաև ջրի բացթողումը ջրամբարներից, որոնք հյուսիսային Հնդկաստանում մոլեգնած հզոր մուսոնային անձրևների պատճառով չափից ավելի են լցվել: