Նոր տեխնիկա, նոր ծրագրեր․ ի՞նչ է փոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (տեսանյութ)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում արդիականացման աշխատանքներ են իրականացվում․ նախորդ տարվա ընթացքում ընկերությունը ձեռք է բերել 16 նոր բեռնատարներ՝ 90 տոննա տարողությամբ, 5 էքսկավատորներ, գործարկվել է մասնատման աշխատանքներ իրականացնող նոր բաժանմունք և այլն։ 70-ամյա կոմբինատը, որն առնվազն ևս 100 տարվա կյանք ունի, ներկայում տարեկան արդյունահանում է 22 մլն տոննա հանքաքար։ Այդ մասին ԶՊՄԿ-ի մասին պատրաստած տեսանյութում հաըտնում է factor-ը՝ նշելով, որ նախատեսվում է մոտ ապագայում ծավալը հասցնել 30 մլն-ի։

«1952 թվականին արդյունահանվել է 250 հազար տոննա, այսօր դա 3 օրվա աշխատանք է մեզ համար։ Այժմ 22 մլն տոննա է արդյունահանվում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ հավելելով, որ Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցման համար անհրաժեշտ է ընդլայնել թե՛ Քաջարանի, թե՛ Ագարակի հանքերի ծավալները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Հայաստանի ամենամեծ հանքավայրը, որտեղից արդյունահանվում է պղնձի ու մոլիբդենի հանքաքար, վերամշակվում խտանյութի և արտահանվում։ Հանքի մակերեսը մոտ 500 հա է, մի մասն արդեն ռեկուլտիվացվել է՝ լցվել դատարկ ապարներով և ծածկվել հողի շերտով։ Ներկայում շահագործվող տեղամասի տարածքում մի ժամանակ շրջապատի ամենաբարձր սարն է եղել։

Օրերս հանքում կազմակերպված շրջայցի ժամանակ բացհանքի պետ Արմեն Հարությունյանը տեղեկացրել է, որ իրականացվող բոլոր աշխատանքները վերահսկվում են էլեկտրոնային ճանապարհով՝ բեռնատարների շարժից մինչև աշխատողների վարքը։ Նա վստահեցրեց՝ իրենց համար առաջնահերթություն է աշխատողների անվտանգությունը, և արդեն տարիներ շարունակ հանքում դժբախտ պատահարներ չեն գրանցվել։

«Շատ խիստ է դրված աշխատանքային անվտանգությունը։ Մեր մոտ միջադեպեր չեն լինում»,- ասել է Հարությունյանը։

Բացհանքում փոշու կառավարման նպատակով գործում են ջրցան մեքենաներ, կատարվում է մշտական մոնիթորինգ։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը վստահեցրեց՝ Արծվանիկի պոչամբարը ևս խիստ հսկողության տակ է, արտահոսքը վերահսկվում է հատուկ պարզեցման ավազանում և նորմայի մեջ է, իրականացվում է պոչամբարի կարողությունների գնահատում․ «Ինքն ավելի շատ կարող է ծառայել, քան գործող թույլտվությունն է։ Գործող թույլտվությունը մինչև 2026 թ-ի ավարտն է»։

Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործարանում անցած տարի սկսել են թարմացնել աղացները, ֆլոտացման մեքենաները, ավտոմատացման համակարգեր են ներդրվել և այլն։ Կոմբինատի արտադրական տնօրենի տեղակալ Արտակ Ղունյանի խոսքով՝ մոլիբդենն ու պողպատը 90%-ով հանքաքարից կորզվում են․

«Մեր մասնագետները 1 շաբաթ առաջ գտնվում էին ԱՄՆ-ում։ Ձեռք ենք բերել խտացուցիչ, որը թույլ կտա կրկնակի օգտագործել ջուրը, այսինքն՝ խնայողաբար օգտագործել ջրային ռեսուրսները»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում է․ 2022 թվականին ընկերությունը վճարել է 143․9 մլրդ դրամ հարկ, այն դեպքում, երբ 2019-ին այդ ցուցանիշը 51․3 մլրդ էր։ Ընկերությունում տեղի ունեցող այս փոփոխությունների հիմնական պատճառը, թերևս, պայմանավորված է սեփականատերերի փոփոխությամբ։ Մինչ 2021 թվականի կեսերը կոմբինատը պատկանում էր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին և նրա հետ փոխկապակցված անձանց։ Վերջինը, հիշեցնենք, պատգամավորական մանդատը վայր դրեց անցած տարի նոյեմբերին։

Նոր բաժնետերը՝ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին, «Արդյունաբերական ընկերությունն» այդ ժամանակ գնեց կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը և մի մասը նվիրեց Հայաստանի կառավարությանը, որի արդյունքում պետությունը դարձավ կոմբինատի 15% բաժնետոմսերի սեփականատեր։ 2022-ի մարտին կառավարությունը նվիրատվություն ստացավ ևս 6․8%, այդպիսով՝ կոմբինատի 21․875% բաժնեմասը ներկայում պատկանում է ՀՀ-ին։

Բաժնետոմսերի 40․21%-ը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Գլեբ Տրոցենկոյին։ Նա դրանք ձեռք է բերել 2022 թ-ի ապրիլին։ 10․05%-ի սեփականատերը ՌԴ քաղաքացի Միրզաազիզ Մուսախանովն է (2022թ․ հունիսից)։ 12․49%-ի սեփականատերը ՌԴ նախագահի նախկին խորհրդական, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովն է (2020 թ. մարտից): Նա միակն է, որ իրական շահառուների ցանկում նշված է որպես քաղաքական ազդեցություն ունեցող անձ։

Ընկերության 15․3% բաժնեմասի սեփականատերերը հայտնի չեն․ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն՝ մինչև 10% մասնաբաժին ունեցողներն իրական շահառու չեն համարվում և հայտարարագրում չեն ներառվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

ajax-loader