Ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գարեգին Նժդեհ փողոցում

Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում նախատեսվում է առանձնացնել ավտոբուսային գծեր: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

«Հասարակական տրանսպորտի համար առանձնացված նոր երթևեկելի գոտիների ներդրմամբ աշխատանքների շրջանակում ներկայումս իրականացվում են Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում»,-ասաց Հարությունյանը:

Գարեգին Նժդեհ փողոցի ընտրությունը նա պայմանավորեց նշված հատվածով թվով 21 հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկմամբ, երթուղիների ինտենսիվությամբ: Առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակվեն Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության նոր սխեմաները, կսկսեն իրականացվել գծանշման աշխատանքները, ինչպես նաև կահավորումը՝ համապատասխան ճանապարհային նշաններով:

«Այս փոփոխությունը հնարավորություն կտա հասարակական տրանսպորտից օգտվողներին խուսափել նշված փողոցի տրանսպորտային հոսքերի խցանումներից և  կնվազեցնի ուղևորության միջին տևողությունը տվյալ փողոցը սպասարկող երթուղիների համար»,-ասաց Հարությունյանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց՝ ինչպես խոստացել էին՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը, որով հասարակական տրանսպորտին տալիս են առավելություն՝ մարդատար մյուս ավտոմեքենաների նկատմամբ:

ajax-loader