Քոուչինգը Հայաստանում ներդրվում է կրթության մեջ

Քոուչինգի Միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը (ICF-Հայաստան) «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի նպատակը կրթության մեջ քոուչինգը ներդնելն է։

Այս փուլում վերապատրաստվում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրավարներն ու ծրագրերի համակարգողները: Նրանք ծանոթանում են քոուչինգի առանձնահատկություններին և թե ինչպես այն կիրառել կրթության մեջ:

Այդ առումով քոուչինգն ունի մեծ գործիքակազմ։ Ուսուցիչները սովորում են տիրապետել բաց եւ զորեղ հարցերի։ Այդպիսով նրանք նպաստում են աշակերտների եւ ուսանողների գիտակցվածությանը,ակտիվության բարձրացմանը։ Իսկ իրենք էլ հմտանում են աշակերտին կամ ուսանողին լսելու, կարծիքն ընդունելու, ինչպես նաեւ թիմ ձևավորելու կարողությունների մեջ։

Ծրագրի նպատակը կրթության որակի եւ մեթոդների փոփոխությունն է՝ քոուչինգային տեխնոլոգիաների եւ հմտությունների ներդրման միջոցով, ինչը միտված է ուսուցման մեթոդներն ավելի աշակերտակենտրոն, ստեղծարար, հետաքրքիր եւ մոտիվացնող դարձնելուն:

Ծրագիրը վարում են ICF Հայաստանի անդամ դասընթացավարներ։

Ինչպես նշում է ICF նախագահ Նանա Հովհաննիսյանը, իրական և կայուն փոփոխությունների ամենակարճ ճանապարհը հենց կրթությունն է:

ajax-loader