ԶՊՄԿ-ն ու Քաջարան համայնքը հուշագիր են ստորագրել

Հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։

2023 թվականի հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարան խոշորացված համայնքը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ և ԶՊՄԿ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ընդգծեցին, որ կողմերի միջև միշտ եղել են համագործակցույան սերտ կապեր, և հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։

Հուշագրով նախատեսվում է ստրատեգիական համագործակցության թիրախներ մշակել տնտեսական, մշակույթի, կրթության ու սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության, ինչպես նաև քաղաքաշինական ոլորտներում։

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո ԶՊՄԿ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին նշեց․

«Մեր ձեռնարկության և Քաջարան համայնքի համագործակցությունը օրինակելի կարող է լինել ցանկացած ազդակիր բնակավայրի ու ցանկացած ընկերության համար։ Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ համայնքային ծրագրերին աջակցելը մենք դիտարկում ենք ոչ թե պարտականությունների կամ սոցիալական պատասխանատվության հարթության մեջ, այլ որպես ներդրում մեր ընկերության զարգացման համար, քանի որ մեր հաջողություններն ապահովում են մեր աշխատակիցները, իսկ նրանք հիմնականում Քաջարան համայնքի բնակիչներ են։ Այսօր մենք այս համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական նոր որակի վրա»։

Համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ողջունեց հուշագրի ստորագրման փաստը և ընդգծեց ձեռնարկության և համայնքի միջև մշտական ու բարձր մակարդակի հարաբերությունները․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերն ու նշանակությունը անուրանալի է Քաջարան քաղաքի արարման պատմության մեջ և համայնքի զարգացման գործում՝ քաղաքի ստեղծման օրվանից մինչև այսօր, գրեթե յոթ տասնամյակ։ Ինչպես ասում ենք Քաջարան՝ հասկանում ենք կոմբինատը և հակառակը, երբ ասում ենք կոմբինատ հասկանում ենք Քաջարանը։ Բայց այս հուշագիրը Քաջարանի նորագույն պատմության մեջ մի նոր էջ բացեց՝ վերաարժևորելով այդ տասնամյակները և այդ տասնամյակների հանքարդյունաբերական հսկա գործարանի երբեմնի հրամանատարների ու երախտավորների մեծ ավանդն ու նվիրումը»։

ajax-loader