Կինոստուդիաների հետ բանակցությունների խափանումից հետո հոլիվուդյան դերասանները տեղի ժամանակով կեսգիշերից (Երևանի ժամանակով՝ հուլիսի 14-ի առավոտյան ժամը 11։00-ից) գործադուլ են սկսել։ Այսպիսով, նրանք միանում են ֆիլմերի և հեռուստաշոուների սցենարիստներին, որոնք մայիսից ակցիաներ են անցկացնում աշխատանքային պայմանների բարելավման համար։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Սցենարիստների ակցիաներն արդեն իսկ խափանել են բազմաթիվ շոուների ու ֆիլմերի արտադրության գործընթացը։ Այժմ ստուդիաները բախվում են 63 տարվա ընթացքում առաջին աշխատանքի կրկնակի դադարեցմանը։ Սրա պատճառով կինոստուդիաները ստիպված կլինեն դադարեցնել բազմաթիվ արտադրություններ Միացյալ Նահանգներում և արտերկրում:
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան և Հոլիվուդի խոշորագույն արհմիությունը՝ SAG-AFTRA-ն, որը ներկայացնում է 160 հազար դերասանի, պահանջում են հիմնական վճարի ավելացում, վճարումներ սթրիմինգային ծառայությունների եկամուտներից, ինչպես նաև հավաստիացումներ, որ իրենց աշխատանքը չի փոխարինվի արհեստական բանականության կողմից։
Դերասանների արհմիությունը գործադուլի մասին հայտարարել է հուլիսի 13-ին՝ խորհրդի միաձայն հավանությունից հետո։
Իսկ կինոստուդիաներին և սթրիմինգային ծառայություններին ներկայացնող միությունը (AMPTP), որը բանակցություններ էր վարում Netflix Inc.-ի, Walt Disney Co.-ի և այլ ընկերությունների անունից, խոր հիասթափություն է հայտնել բանակցությունները չշարունակելու՝ դերասանների արհմիության որոշման առնչությամբ։
AMPTP-ում նշել են, որ դերասաններին առաջարկվել է նվազագույն աշխատավարձի առավելագույն բարձրացումը, կենսաթոշակային վճարների «զգալի ավելացում» և մի շարք այլ առավելություններ։ Բացի այդ, ըստ AMPTP-ի՝ կինոստուդիաները ներկայացրել են արհեստական բանականության հետ կապված առաջարկներ, որոնք պաշտպանում են դերասանների «թվային կրկնօրինակներին»․ դերասանները մտավախություն ունեն, որ իրենց թվային պատկերը կօգտագործվի՝ առանց իրենց համաձայնության կամ առանց համապատասխան փոխհատուցման։