ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:
Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5մ, բարձրությունը՝ 1-3մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով: Արևելյան պարսպապատի մեջ պահպանվել է 3 մ լայնությամբ մուտքը, որի երկու կողմերում երկու որմնահեծեր կան։ Արևմտյան պարսպաշարի երկարությամբ ձգվում են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարի առավել պահպանված հատվածը՝ մոտ 3մ, ունի ավելի քան 10 շարք բարձրություն։
Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10×10 մ չափերով քառակուսիների: Արշավախմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ ամրոցի տարածքի պեղումներն իրականացնելու համար (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան):
Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։
Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։