Ինչով է պայմանավորված բենզինի գնի կտրուկ բարձրացումը

Դեռ մեկ ամիս առաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովում անդրադարձավ բենզինի գնի կտրուկ բարձրացմանը։ «Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց, մեր պատկերացմամբ, ՀՀ-ում առկա բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լիներ։ Մենք ունենք չորս հիմնական տնտեսվարող սուբյեկտներ, որոնք զբաղվում են ներմուծմամբ և վաճառքով։ Միջազգային շուկայում տեղի է ունեցել բարձրացում»,-ասել է Գեղամ Գևորգյանը։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը բենզինի գնի բարձրացումը մի քանի հանգամանքներով է բացատրում։ Տնտեսագետի խոսքով՝ եթե մինչև մայիս ամիս դիտարկենք, ապա նախորդ տարվա համեմատությամբ, ունենք բենզինի համար ավելի ցածր գներ․ 2023-ի մայիսը եթե համեմատենք 2022-ի մայիսի հետ, ապա ավելի էժան էր այս տարի․ սա նշանակում է, որ բենզինի գները 2023 առաջին ամիսներին կտրուկ նվազել են, իսկ հաջորդ ամիսներին որոշակի ճշգրտում է արձանագրվել՝ տարբեր գործոններով պայմանավորված։

«Այսինքն՝ նույնիսկ այն մակարդակը, որը հիմա մենք ունենք, ավելի ցածր է, քան մենք ունեցել ենք 2022-ին։ Բենզինի գների նվազումը տարբեր գործոններով են պայմանավորած․ կա քննարկում այն մասին, որ միգուցե նաև խոշոր խաղացողները որոշակիորեն դեմպինգային քաղաքականություն են իրականացրել, էապես նվազեցրել են փոքր խաղացողների մուտքը թույլ չտալու համար։ Եվ հիմա երբ իրենց նպատակին հասել են, արդեն կարող են գների ճշգրտում կատարել»,-ասաց Քթոյանը։ Տնտեսագետը նշեց, որ Ռուսաստանում բենզինի գների մի քանի տոկոսով աճ է արձանագրվում, բայց գլխավոր գործոնն այն է, որ տարեսկզբին կտրուկ նվազեց, և հիմա որոշակի վերանայում է կատարվում խաղացողների կողմից։

Հայաստանը բենզինը հիմնականում ՌԴ-ից է ներմուծում։ Ռուսաստանում, սակայն, տնտեսագետի խոսքով, բենզինի գնի կտրուկ աճ չկա, ռուբլու նկատմամբ դրամի փոխարժեքի արժեզրկում չկա, որը կարող էր հանգեցնել գների բարձրացմանը, հակառակ պրոցեսը կա․

«Այս բոլոր գործոնները բենզնի գների նվազման հակվածություն են ստեղծում, կամ առնվազն ոչ մեծ դիապազոնով աճի իրավիճակ են ստեղծում։ Սա կարող է դիտարկվել վաճառողների կողմից իրենց ռիսկերը որոշակիորեն նվազեցնելու գործողություն։ Նորից եթե համեմատենք 2022-ի հետ, գների ավելի ցածր մակարդակ կա։ Երկուսուկես ամսվա ընթացում 10-15 տոկոս թանկացման մասին է խոսքը։ Եթե ավելի երկար տևի, ավելի խորքային դիտարկելու հնարավորություն կլինի»,-ասաց նա։

Այս տատանումները խաղաղոցների կողմից իրենց շահութաբերության ընդունելի մարժա ապահովելու ձգտումով են պայմանավորված։ Տնտեսագետ նշեց, որ եթե մրցակցային միջավայրի պաշտպանությանը միտված գործողություններ լինեն, չի բացառվում տարեսկզբի նվազումը չլիներ։

«Եվ եթե առկա էր խոշոր խաղացողների կողմից դեմպինգ, կանխել այդ պրոցեսը, և չի բացառվում, որ այդ դեպքում տարեսկզբից գները լինեին այն  մակարդակի վրա, որը հիմա ունենք»,-հավելեց նա։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3293940.html

ajax-loader