«Սյունիք» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի

Արամ Ոսկանյանը այսուհետ գլխավորելու է «Սյունիքը» ֆուտբոլային ակումբը:

Ոսկանյանը մարզչական կարիերան սկսել է 2011-ին՝ ընդգրկվելով «Միկայի» մարզչական շտաբում, իսկ 2013-ին նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ 47-ամյա մասնագետը մարզել է նաեւ «Բանանցը», «Ալաշկերտը» եւ «Արարատը»։ 2015-2017 թթ․ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի Մ19 հավաքականը։

2020-2021 թթ․ Ոսկանյանը մարզել է ղազախական «Ատիրաուն», որը նրա գլխավորությամբ դարձել է Առաջին խմբի չեմպիոն եւ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Որպես ֆուտբոլիստ՝ Արամ Ոսկանյանը հանդես է եկել «Բանանցում», «Փյունիկում», «Արարատում», «Միկայում», ինչպես նաեւ ռուսական «Բալթիկա», «Սանկտ-Պետերբուրգ», ղազախական «Եսիլ-Բոգատիր», «Կիզիլ-Ժար» ակումբներում եւ Տաշքենդի «Լոկոմոտիվում»։
Հայաստանի կրկնակի չեմպիոն է, եռակի գավաթակիր։

Ոսկանյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներում։
«Սյունիքն» Արամ Ոսկանյանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Հիշեցնեք, որ դեռևս հունիսի 28-ին, «Սյունիք» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Տիգրան Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։ Գեւորգյանի հետ ակումբից հեռացել են նաեւ մարզիչներ Նորայր Թամրազյանը եւ Տիգրան Ղազարյանը։ Նախորդ մրցաշրջանում Գեւորգյանի գլխավորությամբ «Սյունիք» ՖԱ-ն Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։

ajax-loader