Գեղարքունիքում մեկնարկել է ամառային զորակոչը

Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը մեկնարկեց հունիսի 26-ին՝ Մարտունի համայնքից։ Հայոց բանակի նորակոչիկներին հաջողություններ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Մարտունու համայնքապետարանի աշխատակիցներ, նորակոչիկների ծնողները և հարազատները։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը, բարեմաղթանքի և շնորհավորանքի խոսքեր հղելով նորակոչիկներին, հույս հայտնեցին, որ նրանք պատվով կկատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, կապահովեն մեր երկրի սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը և տուն կվերադառնան վաստակած հարգանքով ու փառքով։

Այնուհետ նորակոչիկներն այցելեցին Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացան Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածքի հոգևոր հովիվների օրհնությունը։

Հայոց բանակի նորակոչիկներին ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում առաջիկա օրերին կմեկնարկի նաև Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում և կընթանա մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը։

ajax-loader