«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ (AGBU) նախաձեռնությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել համաժողով՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։
Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջադեմ ներկայացուցիչներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանն առնչվող կարևոր հարցեր։
«ԱՊՐԻ Արմենիա»-ի նախագահ Լարա Սեդրակյանը բացման խոսում ներկայացրել է համաժողովի հիմնական թեզերը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմակայելու հնարավորությունները:
Համաժողովի առաջին հատվածում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող կարևոր հարցեր։ Նշված համատեքստում մեծ արձագանք է ունեցել հատկապես Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոի ելույթը։ Հատկանշական է, որ համաժողովի նախօրեին Լաուզոն գտնվում էր Հայաստանում։ Իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է Հայաստան կատարած իր այցին, խոսել ղարաբաղյան հակամարտության մասին՝ ներկայացնելով սահմանային ընդհանուր իրավիճակը:
Համաժողովին որպես բանախոս ներկա էր նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը, ով ավելի վաղ՝ սույն թվականի մայիսին, ժամանել էր Հայաստան և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկել էր ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը՝ շեշտելով ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։
Համաժողովի առաջին հատվածում ելույթներով հանդես են եկել նաև France24-ում միջազգային հարաբերությունների հարցով մեկնաբան Աղմել Շաղյեն, Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների և ԵՄ ուսումնասիրությունների գծով դոցենտ Լոռ Դելքուռը, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան Արանչա Գոնսալես Լայան, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Ժակ Ֆորը և այլոք։
Համաժողովի երկրորդ մասում հնչած ելույթների ժամանակ շեշտը դրվել է Հայաստանում կայուն գյուղատնտեսության, տրանսֆորմացիոն տեխնոլոգիաների և էկոհամակարգի կողմից ընձեռվող հնարավորությունների մեծացման հեռանկարի վրա։ Մի շարք հայ ձեռներեցներ («Նաիրիան» մաշկի խնամքի միջոցների հիմնադիր Անահիտ Մարկոսյան, «Զուլալ» ընկերության հիմնադիր Էյմի Քեուշգուերյան, «ԱրմԱս» գինեգործարանի գործադիր տնօրեն և համահիմնադիր Վիկտորյա Ասլանյան և այլոք) կիսվել են իրենց փորձով և ներկայացրել հաջողության հասնելու բանաձևը։ Նրանք կոնկրետ ծրագրերով մատնանշել են, թե ինչպես են իրենց գործունեությամբ ուժեղացնում Հայաստանի տնտեսական և բիզնես հնարավորություններն ու էկոհամակարգերը՝ ավելի դիմակայուն երկիր կառուցելու համար։
Համաժողովում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ խոսելով մասնավորապես ոլորտում առկա հնարավորությունների, Հայաստանի մրցունակությունն ապահովելու և ապագայի երկիր ստեղծելու իրենց ջանքերի մասին։
«ԱՊՐԻ Արմենիա»-ի փոխնախագահ Անահիտ Փիլիպոսյանն, ամփոփելով համաժողովի աշխատանքները, հանդես է եկել համապատասխան կոչով՝ գործնական քայլեր ձեռնարկել, հայկական սփյուռքն ավելի ակտիվորեն ներգրավվի նորարարական լուծումների վրա հիմնված Հայաստանի կառուցման աշխատանքներում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս պայմանները: