ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության՝ եվրոպական տարածաշրջանը ներկայացնող անդամ

Դաքարում (Սենեգալ) կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գլոբալ համաժողովին ընտրվեց 2023-2026թթ. ԱՃԹՆ միջազգային խորհուրդը։ ՀՀ կառավարության՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանն ընտրվել է ԱՃԹՆ-ի խորհրդի՝ եվրոպական երկրների տարածաշրջանը ներկայացնող անդամ։

«Մեծ պատասխանատվություն է ներկայացված լինել խորհրդում և մասնակցություն ունենալ արդյունահանող ոլորտի թափանցիկության և հաշվետվողության համաշխարհային պահանջները ձևավորող և նախաձեռնության հաջողությունն ու արդյունավետությունն ապահովող մարմնի կազմում։ Խորհրդի անդամ, որպես կանոն, ընտրվում են նախաձեռնության առաջամարտիկ երկրների ներկայացուցիչները։ Հուսով եմ, որ մասնակցությունս խորհրդի աշխատանքներին կնպաստի նաև Հայաստանում ոլորտի լավ կառավարման աշխատանքներին»,- նշել է Թովմասյանը։

ԱՃԹՆ-ի 9-րդ գլոբալ համաժողովին ներկա են եղել ԱՃԹՆ-ի անդամ 57 երկրների, աջակցող երկրների և արդյունահանող ընկերությունների, միջազգային գործընկերների պատվիրակություններ։ Հայաստանից համաժողովին մասնակցել են նաև ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ Նազելի Վարդանյանը, ԶՄՊԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Ասյա Ղազարյանը, «Հետք»-ի հետաքննող լրագրող Քրիստինե Աղալարյանը։

Համաժողովն ընթացել է «Թափանցիկությունն անցումային շրջանում» խորագրի ներքո։

Համաժողովին ներկայացվել է ԱՃԹՆ-ի 2023 թվականի ստանդարտը, որն այսուհետ անդամ երկրներում շահառուների ուշադրությանը կենտրոնացնելու է նաև համաշխարհային էներգետիկ անցման, դրա հետ կապված հնարավորությունների, մարտահրավերների և նոր կոռուպցիոն ռիսկերի կառավարման թեմաների վրա։

Համաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացվեց որպես ԱՃԹՆ-ի մի քանի բարդ պահանջների իրականացման գծով առաջամարտիկ երկիր, մասնավորապես, պանելային քննարկումների և ներկայացումների ժամանակ ընդծվեց Հայաստանի առաջընթացն արդյունահանման պայմանագրերի թափացնիկության ապահովման, իրական շահառուների բացահայտման նորարական համակարգի ներդրման և հանրության համար բաց տվյալները հասանելի դարձնելու ու տվյաների օգտագործումը խրախուսելու գործում։

ajax-loader