Վերջին մի քանի ժամվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ

Տարածաշրջանը շարունակում է «ցնցվել», գրանցված երկրաշարժերը մինչև 5 մագնիտուդ հզորությամբ են։

Այս մասին հայտնել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը Zarkerak.am-ի հետ զրույցում։

Նա խոսել է տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ ներկա իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում՝ 00։00-ից սկսած, տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ՝ մինչև 5 մագնիտուդ հզորությամբ՝ առավելապես Թուրքիայում։

Այս վիճակը Սերգեյ Նազարեթյանը բնորոշում է որպես ոչ արտառոց և սովորական երևույթ․ «Թե Թուրքիայի տարածքում՝ հատկապես փետրվարի 6-ի երկրաշարժի օջախային գոտում, և թե՛ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերը սեյսմոլոգիական տեսանկյունից բացառիկ իրադարձություններ չեն։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը պիտի ունենա տասնյակ հազարավոր հետցնցումներ, դրանց զգալի մասը պիտի լինեն ուժեղ ցնցումներ, այսինքն՝ զգացվեն մարդկանց կողմից, նորմալ է, ամեն ինչ օրինաչափ է»։

Ավելի վաղ, թուրք սեյսմոլոգների կանխատեսմամբ՝ սեյսմիկ անկանոնության ֆոնին Ստամբուլի շրջանները գտնվում են առավել բարձր ռիսկայնության գոտում: «Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ստամբուլում երկրաշարժի պահը մոտենում է»,- հայտնել են նրանք:

Ստամբուլի համալսարանի երկրաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հուսեյն Օզթյուրքի խոսքով՝ Ստամբուլի հավանական երկրաշարժը կլինի 7.2-7.5 բալ ուգնությամբ: Ըստ գիտնականի՝ 2 սցենար կա. «Ստամբուլը գտնվում է երկու խզվածքի վրա՝ Չինարջիք և Քումբուրազ: Կա՛մ երկուսն էլ կճեղքվեն, կա՛մ՝ միայն մեկը:

Քոմբուրազն անպայման ճեղքվելու է: Միայն մեկի պարագայում երկրաշարժի ուժգնությունը 6.5-7.0 բալ կլինի: Երկուսի ճեղքման դեպքում՝ 7.5»,- նշել է նա:

Վերջինի խոսքով՝ Ստամբուլում ավերիչ երկրաշարժեր տեղի են ունենում յուրաքանչյուր 500 տարին մեկ: Օզթյուրքը պնդում է՝ կանխատեսվող ավերիչ երկրաշարժի սեյսմիկ ժամն արդեն լրանում է:

ajax-loader