Գազայի առողջապահական իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 13 000-ի։ Այդ մասին տեղեկանում է The Times of Israel-ի հրապարակումից։
Ըստ Գազան վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տվյալների՝ զոհերի թվում կա ավելի քան 5500 երեխա։ Շուրջ 30 000 մարդ վիրավոր է։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ընթացքում իսրայելցի զոհված զինվորների և սպաների թիվը հասել է 380-ի։ Իսկ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների անակնկալ հարձակման ժամանակ Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 240 մարդ գերեվարվել էր։
Բացի այդ, Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ընթացքում լրագրողների շրջանում զոհերի թիվը, նոյեմբերի 19-ի դրությամբ, հասել է առնվազն 48-ի։ Կոմիտեն նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ սկսվել է տվյալների հավաքագրումը, սա հակամարտությունների ժամանակ լրագրողների շրջանում զոհերի ամենամեծ թիվն է։