Արցախում հումանիտար իրավիճակը սրվել է, պաշարները սպառվում են. Անահիտ Ավանեսյան

Բոլոր խողովակներով անում ենք հնարավորինս, որպեսզի այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և վերականգնվի բնականոն տեղաշարժը թե՛ ապրանքների, թե՛ մարդկանց, թե՛ դեղամիջոցների համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին:

«Իհարկե, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են: Աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, տեղական իշխանությունները, մեր գործընկերները փորձում են տեղի միջոցները շատ խիստ և համակարգված կերպով օգտագործել, և, իհարկե, սպասում ենք, որ իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և մենք հնարավորություն ունենանք Երևանում մեր պացիենտներին սպասարկելու»,- նշեց նա:

Հարցին՝ միջազգային կառույցներին դիմե՞լ են, Ավանեսյանը պատասխանեց. «Մենք ամենշաբաթյա կտրվածքով իրավիճակի մասով տեղեկատվություն ներկայացնում ենք, իրավիճակի սրացումների մասին էլ առանձին հաղորդագրություններով ենք հանդես գալիս»:

Ավանեսյանը նկատեց, որ կան հիվանդներ, որոնք անհապաղ Երևան տեղափոխվելու և բուժում ստանալու կարիք ունեն, սակայն նրանց տեղափոխումը չի հաջողվում անգամ Կարմիր խաչի միջոցով:

«Ես մշտապես շեշտադրում եմ, որ Ստեփանակերտի մեր հիվանդանոցը, այո, հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում: Ըստ այդմ՝ այդ ճանապարհը միշտ պետք է անցանելի լինի թե՛ պացիենտների, թե՛ ապրանքների և դեղամիջոցների համար»,- ընդգծեց Ավանեսյանը:

Նա խուսափեց թվեր հնչեցնել պացիենտների վերաբերյալ, քանի որ իրավիճակն անընդհատ փոխվում է. «Եվ ինչքան երկարի բլոկադան, այդքան իրավիճակը սրվում է: Կապի մեջ ենք նրանց հետ, բայց այստեղից, իհարկե, հնարավոր չէ անել այն, ինչ պացիենտները տեղում կարող են ստանալ»:

ajax-loader