Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը

 Անգլիայում և Ուելսում 100-ից բարձր տարիք ունեցողների թիվը 2021 թ․-ին հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Չնայած դրան՝ 100-ից բարձր տարիքի մարդիկ կազմում են բնակչության 0,2 %-ը։ Այդ մասին վկայում են Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչության (ONS) տարածած տվյալները։

100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը 2021 թվականին կազմել է 13 924, ինչը 24,5 %-ով բարձր է 2011 թվականի ցուցանիշից: ONS-ի տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշը 127 անգամ գերազանցում է 1921 թվականի մակարդակը, երբ Անգլիայում և Ուելսում գրանցվել էր 110 երկարակյաց:

Ըստ ONS-ի զեկույցի՝ երկարակյացների թվի աճը մեծապես պայմանավորված է առողջապահության բնագավառում արձանագրված ձեռքբերումներով։

Մեծ Բրիտանիան աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում երկարակյացների թվով և իններորդը՝ բնակչության ընդհանուր թվաքանակում ունեցած նրանց բաժնով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 100 տարեկանից բարձր տարիքի ճապոնացիների թիվն առաջին անգամ գերազանցել է 92 000-ը։ Երկարակյացների թիվը Ճապոնիայում անշեղորեն աճում է առնվազն 1963 թվականից ի վեր, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության օրենքը: Այն ժամանակ երկրում կար 100-ից բարձր տարիքի 153 մարդ։ 1981 թվականին նրանց թիվը գերազանցել է 1000-ը, 1998 թվականին՝ 10 000-ը, իսկ 2012 թվականին՝ արդեն 50 000-ը։

ajax-loader