Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց, թե խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային որ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն գալիս:
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ կոնսենսուս չկա՝ Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց՝ սկզբունքային հարցերի շուրջ:
«Այդ թվում քարտեզի ֆիքսման, թե որ թվականին քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ հետ կապված, ցավոք սրտի, այս պահին դեռևս չկա համաձայնություն, երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են միմյանցից»,-ասաց Կոստանյանը:
Փոխնախարարը, սակայն հավելեց, որ աշխատանքները շարունակվում են: