Ավստրիայում լեռնագագաթը փլուզվել է հավերժական սառույցի հալման հետևանքով

Ավստրիայի Տիրոլ նահանգում գտնվող լեռներից մեկի գագաթի մի մասը փլուզվել է: Միջադեպի հետևանքով ավելի քան 100 000 խորանարդ մետր քար լցվել է ներքևի հովիտը, առաջացել են նաև սողանքներ: Այդ մասին հաղորդում է CNN-ը:

Ըստ հրապարակման՝ քարերը սկսել են թափվել Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին գտնվող Ալպերի Սիլվրետա լեռնաշղթայի՝ գրեթե 3400 մ բարձրություն ունեցող Ֆլաչթորն լեռան գագաթից:

Գագաթի փլուզումն, ըստ երկրաբանների, տեղի է ունեցել հավերժական սառույցի հալման պատճառով:

Հավերժական սառույցը հողի և քարերի սառած շերտն է, որը բացի Արկտիկայի շրջաններից, հանդիպում է նաև Եվրոպական Ալպերում: Սառույցի հալման հետևանքով ջուրը նոր բացված ճեղքերի միջով ներթափանցել է լեռնային զանգվածի մեջ:

Ըստ մասնագետների՝ համաշխարհային ջերմաստիճանի բարձրացման հետևանքով հավերժական սառույցի, ձյան և սառցադաշտերի հալումը, ինչպես նաև քարաթափումներն, ամենայն հավանականությամբ, ավելի հաճախակի կդառնան:

Մայիսին շվեյցարական Բրիենց գյուղի բնակիչներին ստիպված էին տարհանել, քանի որ վտանգ կար, որ գյուղի մերձակայքում գտնվող լեռից կարող է շուրջ 2 մլն խորանարդ մետր քար թափվել: Քարաթափումը դեռ տեղի չի ունեցել, սակայն բնակիչները չեն կարող վերադառնալ իրենց տները:

ajax-loader