Կասեցվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը

«Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել է սալմոնելա։ Այդ մասին նշված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։

Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, և կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը: Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

ajax-loader