Սյունիքի մարզ երկօրյա այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Հանդիպմանը քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Սյունիքում կայանալիք համերգների հետ կապված հարցեր։
Պետական աջակցությամբ տարբեր ծրագրեր կիրականացվեն ինչպես արտերկրում, այնպես էլ ՀՀ մարզերում: Այս համատեքստում նշվել է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է Գյումրի և Կապան քաղաքներում մարզային երկու համերգ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ: Կողմերի միջև շահագրգիռ քննարկում է ծավալվել կրթության և մշակույթի ոլորտներում գործող կառույցների հետ տարվող աշխատանքների և նախատեսվող ծրագրերի շուրջ։
Հիշեցնեք, որ կառավարության հերթական նիստում որոշում է կայացրել ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեի հատկացումների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 254 մլն դրամի չափով՝ հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով:
Այդ գումարի շրջանակում կիրականացվի 2 միջոցառում` 177 մլն դրամը կտրամադրվի Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 3 համերգների կազմակերպմանն ԱՄՆ-ում, Կանադայում և Հունաստանում, իսկ 77 մլն դրամը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերի կազմակերպմանը Ֆրանսիայում (2 ներկայացում):
Նշենք, որ մշակվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ և բազմաժանր ծրագիր՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր և այլն: