Հունիսի 12-ին վերանորոգումից հետո իր դռները կբացի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հունիսի 10-ին, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը ներկայացրեց հունիսին մայրաքաղաքում անցկացված և անցկացվելիք մշակութային միջոցառումները։

«Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը պատմական իրադարձություն է հայ և համաշխարհային դասական կատարողական արվեստում: Տասնամյակների կենսագրություն ունեցող պրոֆեսիոնալ և շատ նվագախմբերի համար նույնիսկ դժվարին համարվող բարդագույն ծրագրով հանդես կգա Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողներից, երաժշտական այլ հաստատություններից կազմավորված պատանեկան նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի հատուկ հյուրն աշխարհահռչակ երաժիշտ, մեր ժամանակների մեծագույն ջութակահար Ագուստին Հադելիխն է»,- ասաց նա:

Գոշ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 12-ին վերանորոգումից հետո իր դռները կբացի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հունիսը լի է մշակութային միջոցառումներով, ապա ընդգծեց՝ քաղաքականության էական փոփոխություն կա:

«Քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի, բարձրարժեք երաժշտության վրա, որի առաջարկը միգուցե բավարար չափով չէ։ Եվ նույն բալետային փառատոնը, սիմֆոնիկ փառատոնը, որ տեղի են ունենալու աշնանը, հենց այդ քաղաքականության մաս են»,- ասաց Ավինյանը։

ajax-loader