Տիգրան Ավինյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց Երևանի փողոցների փոսերը լցնելու համար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին խոսեց մայրաքաղաքի փողոցներում փոսերի առկայության և փոսալցման աշխատանքների խնդիրների մասին։ Ավինյանին զայրացրեց այն փաստը, որ արդեն մեկ ամիս է՝ խոսում են փոսերի խնդրի մասին, բայց այդ հարցը լուծում չի ստանում։

«Հարգելի գործընկերներ, արդեն որերորդ շաբաթն է՝ այս փոսալցումների մասին եմ խոսում։ Նախորդ նիստից հետո հատուկ առանձին փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարի հետ։ Այդ փոսերի մասին քննարկումները դեռ ակտուալ են։ Ինչքա՞ն ասեմ փոսեր։ Ուզում եմ հասկանալ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։ Վարչական շրջանների ղեկավարնե՛ր, երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքները ձեր պատասխանատվությունն է։ Ի՞նչ չունեք, ո՞րն է խնդիրը։ Մի ամիս փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։ Սա վերջին շաբաթն է՝ հրատապ կլինի, մեկ անձնից գնումով կլինի, ուզում եք անձամբ գնացեք այդ ասֆալտը լցրեք։ Եթե հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Ավինյանը։

ajax-loader