Հայկական ֆուտբոլի պատմության բացառիկ պահը կամ Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայում

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ստորև ներկայացնում ենք armenpress-ի անդրադարձն այդ իրադարձությանը։

Դժվարանում եմ պատկերացնել մոտ 15 տարի առաջ մեր մտքով կանցնե՞ր, որ մի օր հայ ֆուտբոլիստի ենք տեսնելու ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագը իր ձեռագրով գրում է հայկական ֆուտբոլի նոր էջը: Այդ էջերում աշխատասիրության, ջանասիրության, նվիրումի պատմություններ են, ապացույցներ` եթե ցանկանում ես ինչ-որ բանի հասնել ու դրա համար ջանք ես գործադրում, անպայման հասնում ես ուզածիդ։

«Փյունիկ»-ից` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, Հայաստանի առաջնությունից` ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը պիտի լինի օրինակ․ նրա նվաճումները պետք է ծառայեն բակում գնդակով վազող պատանիների իղձերի իրագործմանը: Նրանք սիրում են ֆուտբոլն, ինչպես Հենրիխը, նրանք սիրում են գոլեր խփել, ինչպես Հենրիխը, նրանք սիրում են արդյունավետ փոխանցումներ կատարել, ինչպես Հենրիխը: Ուրեմն Չեմպիոնների լիգայի այս եզրափակիչից հետո էլ՝ անկախ արդյունքից, նրանք իրենց սրտի խորքում կիմանան` երազանքները գին ունեն, եթե պատրաստ ես վճարել այն, ժամանակը քեզ թույլ կտա պատմության մի մասը դառնալ:

Նրա մասին, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ այս խաղի ֆավորիտն անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն է, խոսում են ոչ միայն ֆուտբոլային մասնագետները, այլ նաև եզրափակիչն ընդունող քաղաքի՝ Ստամբուլի փողոցների զարդարանքը: Բազմաթիվ «քաղաքային» դրոշներ և ընդամենը մի քանիսը՝ «սև և կապույտ»:

Անխոս, Պեպ Գվարդիոլան մեր դարաշրջանի լավագույն մասնագետներից մեկն է: Այո, նա ստեղծել է մի թիմ, որը խաղում է տպավորիչ ֆուտբոլ և այդ խաղում շեշտը դրված չէ մեկ ֆուտբոլիստի վրա: Հալանդին չեզոքացնելիս՝ չպետք է մոռանալ Գյունդողանի մասին, Գյունդողանին վնասազերծելուց հետո պետք է հիշել Բեռնարդու Սիլվայի, Կևին Դե Բրույնեի, Ջեկ Գրիլիշի ու մյուսների մասին։  Գվարդիոլայի տաղանդի կամ, չեմ վախենա այդ խոսքից, հանճարեղության մի արտացոլանքն է ֆուտբոլիստներին այլ անկյունից բացահայտելը: Վերջին 12 խաղերում «քաղաքայինները» կազմակերպել են ընդհանուր առմամբ 734 գրոհ՝ խփելով  31 գոլ:

Իտալական «Ինտեր»-ի համար հեշտ չի լինելու, անխոս: Բայց ֆուտբոլի չգրված օրենքներից մեկն ասում է` եզրափակիչներում օրինաչափությունները քիչ տեղ ունեն: Սիմոնե Ինձագին դասական է իր մարզչական մոտեցումներով, դասական է խաղը կառուցելու իր փիլիսոփայությամբ: Նա կարողանում  է արդեն խաղադաշտում բոլորովին այլ թիմ ու խաղ կառուցել, իսկ հարմար պահին ճիշտ փոխարինում կատարել: Այստեղ արդեն ի հայտ կգան ֆուտբոլիստների անձնական որակները, ֆուտբոլային հոտառությունն ու միտքը և պահերը ճիշտ օգտագործելու կարողությունը: Նախորդ 12 խաղերում «Ինտեր»-ն ընդհանուր առմամբ կազմակերպել է 478 գրոհ՝ 19 անգամ գրավելով մրցակիցների դարպասը:

Անկասկած, խաղադաշտում համառ պայքար է ծավալվելու, բաղձալի տիտղոսի համար դաշտում կկռվեն երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ, իսկ թե որ թիմը գլխավերևում կպահի գավաթը, պարզ կլինի հունիսի 10-ի ուշ երեկոյան։

ajax-loader