Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են ռոբոտ-խոհարար, որը բաղադրատոմսեր է սովորում՝ դիտելով տարբեր ուտեստներ պատրաստելու վերաբերյալ տեսանյութեր: Ուսումնասիրության վերաբերյալ համապատասխան հոդվածը հրապարակվել է IEEE Access գիտական ամսագրում։
Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված նմանակման մեքենայական ուսուցման մեթոդի վրա։ Սարքը նայում է, թե ինչ է անում մարդը տեսանյութում, իսկ հետո փորձում է վերարտադրել տեսածը։ Գիտնականները բացատրել են, որ, որպես կանոն, նույն սխեմայով իրենց խոհարարական հմտությունները բարելավում են նաև մարդիկ։
Հետազոտության շրջանակում ռոբոտի մեջ ներբեռնվել են ութ պարզ աղցանների բաղադրատոմսեր: Հետո ռոբոտին ցուցադրել են այդ ուտեստների պատրաստման տեսահոլովակներ։ Ձեռքի շարժումների և բաղադրիչների հիման վրա մեքենան որոշել է բաղադրատոմսը և սկսել կրկնել պատրաստման քայլերը: Փորձի վերջում «կիբեռխոհարարին» խնդրել են ստեղծել իր ճաշատեսակը:
Դիտված 16 տեսանյութերից ռոբոտը 93%-ի դեպքերում ճիշտ է նույնացրել բաղադրատոմսը։ Ընդ որում, մեքենան կարողացել է ճանաչել մարդ խոհարարի կոնկրետ գործողությունների միայն 83%-ը։
Հետազոտողները նշել են, որ ռոբոտը դեռ չի կարողանում կրկնել հայտնի խոհարարների ճաշատեսակները, որոնց տեսանյութերը հաճախ տարածված են դառնում սոցիալական ցանցերում։ Խնդիրն այն է, որ մեքենան ի վիճակի չէ ճանաչել մարդու արագ շարժումները, որոնք հաճախ կիրառում են հայտնի խոհարարները բաղադրիչների պրոֆեսիոնալ կտրման ժամանակ: Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ տեխնոլոգիաների կատարելագործմանը զուգահեռ ռոբոտը կկարողանա պատրաստել սովորել՝ դիտելով YouTube-ի տեսանյութերը։