«Ձգողականություն»՝ Գոռ Մելքոնյանի անմահ հիշատակին

Պատմության մեջ ամեն սերունդ իր ճակատագիրն ունի, և յուրաքանչյուր սերունդ ստիպված է լինում ընդունել իրեն նետված մարտահրավերները:

2020 թ. սեպտեմբերին ազգային գոյատևման, ազատ ու անկախ ապրելու պայքարում կորցրեցինք հազարավոր կյանքեր՝ լույս հերոս-տղաների, որոնց մեծ մասը 21-րդ դարասկզբի սերունդն էր։

44 օր տևած մղձավանջից հետո դժվար է ընտրել ճիշտ բառեր՝ վերարտադրելու այն ցավը, որ կա մեր ներսում ու այն դեռ երկար չի մեղմվելու, չի մոռացվելու, ու իրավունք էլ չունենք մոռանալու։

Անմահ հերոսներից Գոռ Մելքոնյանը, որն իր զինակիցների հետ ելել էր հայրենին պաշտպանելու, այդ ոսկե սերնդի մի մասնիկն էր։

Օպերային և բալետի ազգային թատրոնում մեծարման, խնկարման և հերոսի փառքի հուշերեկոն էր։ Վ Շարաֆյանի  «Ձգողականություն» բալետի համաշխարհային պրիմերիան նվիրված էր Գոռ Մելքոնյանի անմահ հիշատակին։ 

Միջոցառումից հետո զրուցեցինք Գոռի մոր՝ Լիլյա Բադալյանի հետ։ Ինչպես բոլոր մայրերը, Լիլյան չի հաշտվում որդու կորստի հետ, կսկիծով պատմում է, թե ինչպես է միայնակ, մեծ դժվարություններով պահել, մեծացրել որդուն, ապա բանակ ճանապարհել և մինչ հիմա էլ հավատով սպասում է նրա վերադարձին։

«Գոռս կա, ես վստահ եմ, որ նա կգա, ես դա զգում եմ»,- ապա, արցունքները չզսպելով, շարունակում,- «Ես ինձ մեղավոր են զգում, որ նա չկա, իսկ ես դեռ ապրում եմ»։

Հուշ-երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նահատակված հերոսների մայրերը, ընտանիքի անդամները, մտերիմները։

Առաջին տիկին Աննա Հակոբյանն armhanq.com-ի հետ զրույցում ասաց, որ կցանկանար՝ հասարակության խոսույթում «զոհված զինծառայող» արտահայտությունը փոխարինվեր «անմահ հերոսներ» եզրույթով։

«Մեր տղաները հայրենիքը պաշտպանելու մեծ գիտակցությամբ են անմահացել։ Նրանք արժանի են մեր համարժեք գնահատանքին, մեծարմանը։ Նրանք հայրենիքի լինելիության երաշխավոր են դարձել ու դրանով հավերժացել»,- ասաց նա։

Շեքսպիրն ասում է՝ «Անարդար կռվում հերոսները կորչում են»։ Արցախյան գոյամարտի մեր հերոսները հավերժ ապրելու են ապրողաց սրտում, քանզի նրանց պայքարը արդար էր։ Նրանք մեր նորագույն պատմության ազգային սրբությունն են։ 

ajax-loader