Գույներ, փուչիկներ, ուրախ տրամադրություն. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով ուրախ գնացքն ուղևորվեց դեպի «Երիտասարդական» կայարան, որտեղ երեխաները ծանոթացան տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների հետ:
Տոնական միջոցառմանը ներկա էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները և տարբեր մանկատներում ու խնամքի կենտրոններում բնակություն հաստատած երեխաները:
Կայարանում շրջելուց հետո հեքիաթային գնացքն ուղևորվեց դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ խաղավարներն ու մուլտհերոսները երեխաների օրը տոն դարձնելու համար կազմակերպել էին պղպջակներով, թղթերով հետաքրքիր շոու, տարբեր հետաքրքիր խաղեր և ուրախ երաժշտություն:
Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանն ընդգծեց, որ ամեն ինչ արել են երեխաների օրն էլ ավելի գունեղ, ուրախ ու հիշարժան դարձնելու համար:
««Հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքներից մոտավորոպես 70 ցուցանմուշ է ներկայացված, որոնք կցուցադրվեն հունիսի 1-ից 15-ը»,- նշեց Տաթևիկ Խաչատրյանը:
Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության, Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության և Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների սաների կողմից։