Հայաստանում կամավոր ատեստավորում անցել է 1565 ուսուցիչ, որի արդյունքում նրանց 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամից ավել աշխատավարձ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում կա 30 ուսուցիչ, որոնք ստանում են 400 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Այսինքն՝ այս մարդիկ նախկինում ստանում էին 170-180 հազար դրամ և նրանց աշխատավարձը հիմա կրկնապատիկից ավելի է։ 120 ուսուցիչ կա, որոնք 350 հազար դրամից ավել աշխատավարձ են ստանում, 288 ուսուցիչ կա, որոնք 300 հազար դրամից ավել աշխատավարձ են ստանում։ Ընդհանուր առմամբ 1565 կամավոր ատեստավորված և բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներ ունենք, որոնցից 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամից բարձր աշխատավարձ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ կամավոր ատեստավորում են անցել ուսուցիչների ընդհանուր թվի 5,5 տոկոսը միայն։
«Այսինքն՝ մեր ուսուցիչների 94,5 տոկոսը դեռևս չի ատեստավորվել։ Սա էլ է նորմալ, մարդիկ մտավախություններ ունեն, գործընթաց է, որը գնում է։ Մենք շարունակել ու շարունակելու ենք ամեն տարի այդ գործընթացը՝ մարդկանց հնարավորություններ տալով։ Բայց նաև պետք է արձանագրենք, որ ինչ-որ պահից ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա։ Կամավոր ատեստավորման գործընթացը էականորեն ավելացնում է մանկավարժի մասնագիտության նկատմամբ երիտասարդության հետաքրքրությունը, որովհետև, եթե նախկինում մարդը պետք է որոշեր ուսուցիչ դառնալ, իմանալով, որ 150-200 հազար դրամ աշխատավարձը այն առավելագույնն է, որ ինքը կարող է ստանալ, դա ուրիշ իրավիճակ է, երբ հիմա գիտեն, որ կարող են 400 հազար դրամ և ավել աշխատավարձ ստանալ, լրիվ այլ իրավիճակ է»,-եզրափակեց վարչապետը։