Մայիսի 29-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կբացվի մարզադպրոց և «Հայփոստի» մասնաճյուղ։ Ներդրումային ծրագրերի նախաձեռնությունը «Տավուշ» միջազգային հայրենակցական միությանն է։
Այս առթիվ նշված օրը նախատեսվում է բացման արարողություն՝ նվիրված ինչպես վերոթվյալ, այնպես էլ միության կողմից համայնքում տարիներ շարունակ իրականցվող ներդրումային այլ ծրագրերին։
«Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը, կարևորելով սահմանային գյուղերի զարգացման, երիտասարդության առողջ ապելակերպի, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը, երկար տարիներ ձեռնամուխ է եղել դրանց իրագործմանը։
Մասնավորապես, միության և գործարար համագործակցության արդյունքում գյուղում հիմնվել է ուժային սպորտաձևերի մարզակումբ, վերաբացվել է «Հայփոստի» մասնաճյուղը, իրականացվել է Ոսկեվանի մշակույթի տան մասնակի վերանորոգում, ստեղծվել և կահավորվել է կարի արտադրամասը, վերականգնվել է զոհված ազատամարտիկին պատկանող առանձնատան տանիքը և այլն։
Նշենք, որ Ոսկեվանի ուժային սպորտաձևերի ակումբը հիմնադրվել է 2023թ․-ին «Տավուշ» միջազգային հայրենակցական միության, Համբուրգի հայ համայնքի և «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Ակումբը հնարավորություն կտա մարզվելու և սպորտում մեծ հաջողություններ ունենալու նաև հարևան Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան, Բաղանիս և Ջուջևան գյուղերի երիտասարդներին:
Հարկ է նշել նաև, որ «Հայփոստի» Ոսկեվանի բաժանմունքը փակվել էր շուրջ 3 տարի առաջ: Հայփոստի նոր տնօրենի հետ համատեղ, ամիսներ շարունակ աշխատանքի արդյունքում վերաբացվել է Ոսկեվան բաժանմունքը, որի արդյունքում սահմանամերձ գյուղի մեր հայրենակիցները անխոչընդոտ կսպասարկվեն իրենց համայնքում, առանց հարևան գյուղեր այցելելու:
Միության ղեկավարությունը տավուշյան բիզնես ներդրումների և այլ ազգանվեր նախաձեռնություններ լուսաբանելու նպատակով հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներին մայիսի 29-ին հրավիրում են Տավուշի մարզի Ոսկեվան համայնք։ Տեղափոխումը իրականացնում է կազմակերպության միջոցներով։
Մուտքն ազատ է։