Գավառի նոր կանգառներում տեղադրվել են համայնքի պատմության և բնության հուշարձանները ցուցադրող վահանականեր

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրված 15 կանգառներում  տեղադրվել են համայնքի տարածքում գտնվող բնության եւ պատմության հուշարձանները ցուցադրող  տեղեկատվական վահանակներ՝համապատասխան լուսանկարներով եւ տեքստով։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ համայնքի կանգառների ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 89 միլիոն 100 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի սեպտեմբերից եւ 2023 թվականի մայիսի 25-ի դրությամբ գտնվում է ավարտական փուլում։ 

Ծրագրով նախատեսված 15 կանգառներից 4-ը տեղադրվել են Գավառ քաղաքում՝ ներառյալ Արծվաքար եւ Հացառատ թաղամասերը, իսկ մնացածը՝ Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Ծաղկաշեն, Գանձակ, Կարմիրգյուղ, Նորատուս, Հայրավանք, Բերդկունք, Լճափ եւ Ծովազարդ գյուղերում։

«Նոր կանգառների տեղադրմամբ մենք ոչ միայն լուծեցինք բնակչության պատշաճ սպասարկման խնդիրը, այլ նաեւ կյանքի կոչեցինք մեր համայնքի տարածքում գտնվող պատմության եւ բնության  հուշարձանների հանրահռչակման չափազանց կարեւոր նախաձեռնությունը։ Անշուշտ, կանգառներում հանրային տրանսպորտի սպասող ուղեւորներին կհետաքրքրեն մեր համայնքի պատմության եւ բնության հուշարձանները, որոնց մասին նրանք կքաղեն տեղեկություններ, այդ վայրեր այցելելու ցանկություն կունենան։ Բացի այդ, տեղեկատվական վահանակները առանձնակի շուք ու գեղեցկություն են տալիս շրջապատին, գրավում անցորդների ուշադրությունը։ Տեղեկատվական վահանակներում ընդգրկված են պատմության եւ բնության այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Հայրավանքը, Նորատուսի խաչքարերը, Իլիկավանքը, Գավառի, Գանձակի, Ծաղկաշենի, Հացառատի եկեղեցիները, Աժդահակ լեռը, Ակնա լիճը, Սուրբ Հովհաննես Մատուռը, այլ հուշարձաններ»,-ներկայացրեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

ajax-loader