Բանկի աշխատակիցը հանցավոր սխեմայով մոտ 10 մլն դրամ է հափշտակել հաճախորդներից

Բացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև՝ յուրացում կատարելու դեպքը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2021 թ. փետրվարին տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի` Ստեփանավան համայնքում տեղակայված մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016-2021 թ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր լիազորությունները, բանկի մի շարք ավանդատուներից ու վարկառուներից դրամով և ԱՄՆ դոլարով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ բանկին պատճառված վնասի չափը:

Ըստ այդմ՝ բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետը, 2016 թ. օգոստոսից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակա­հատ­վածում բանկի մի շարք հաճախորդների անվամբ, ծրագրային եղանակով, մասնաճյուղի աշխատանքային համակարգիչներով շարունակաբար ձևակերպել է կեղծ գործարքներ և դրանց հիման վրա, ելքագրելով ու կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.675.840 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես՝ հիշյալ աշխատակիցը, կազմելով և օգտագործելով գործարքների վերաբերյալ՝ հաճախորդի ստորագրության կեղծմամբ հանձնարարագրեր և անդորրագրեր, նաև իր հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով, առանց ավանդատուների գիտության և ներկայության, կեղծ գործարքների ձևակերպմամբ, խզել է բանկի հաճախորդներ ավանդատուների ավանդների պայմանագրերը՝ նրանց ավանդային հաշիվներից ելքագրելով գումարներ, ավանդային հաշվից ավանդի նվազեցման կեղծ գործարքի ձևակերպմամբ ելքագրել է գումարներ՝ այդ կերպ կատարելով հափշտակություններ:

Պարզվել է նաև, որ նշված աշխատակիցը, առանց բանկի հաճախորդի գիտության, համապատասխան ծրագրում փոփոխել է վերջինիս անհատական տվյալները՝ դրանց փոխարեն նշելով իր անձնականը։ Դրա միջոցով նա ակտիվացրել է «Մոբայլ-Բանքինգ» համակարգը, հաճախորդի անվամբ ձևակերպել ակնթարթային վարկ, ինչը փոխանցել է իր մոր քարտային հաշվին, ապա կանխիկացրել և հափշտակել է գումարը՝ նշված գործարքների վերաբերյալ հաճախորդի ստորագրության կեղծմամբ կազմելով և օգտագործելով բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքները չեղարկելու և նոր գործարքների ձևակերպման ճանապարհով նա կատարել է սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխություն, որի միջոցով փաստացի վճարված գումարի համեմատ 200.000-ական ՀՀ դրամ պակաս է մուտքագրել՝ հափշտակելով վարկառուների անվամբ բանկում առկա վարկերի մարման համար վճարված գումարներից, իսկ գործարքների վերաբերյալ հիշյալ հաճախորդների ստորագրութ­յունների կեղծմամբ կազմել և օգտագործել է կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Նշված աշխատակիցը վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքը չեղարկելու և նոր գործարքի ձևակերպման ճանապարհով սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխության միջոցով, բանկի մասնաճյուղի վարկառուի անվամբ առկա վարկի մարման համար իրեն վճարված գումարի մի մասը չի մուտքագրել բանկի մասնաճյուղի դրամարկղ, չի ուղղել վարկի մարմանը՝ այդ կերպ յուրացման եղանակով կատարելով հափշտակություն:

Բացի այդ, աշխատակիցը բանկի կողմից իրեն հատկացված աշխատանքային համակարգչում ներբեռնված ծրագրի միջոցով ձևակերպել է հաճախորդների անվամբ բացված ավանդային հաշվից գումարներ նվազեցնելու վերաբերյալ գործարքներ, որոնց կատարումը հիմնավորելու համար իր համակարգչով կազմել է բովանդակությամբ կեղծ վճարման հանձնարարականներ։ Հաճախորդների փոխարեն ստորագրելով՝ այդ հանձնարարականները նա դրել է շրջանառության մեջ, ապա իր դրամարկղից ելքագրելով հիշյալ գումարները՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա բանկի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 1.1 կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (8 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:

Վարույթի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության ընթացքում աշխատակիցը բանկին պատճառված վնասից վերականգնել է 2 420 000 ՀՀ դրամը:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader