Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաք` մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը

Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:

Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու ևս մեկ որոշում Կառավարությունը կայացրել էր մարտի 23-ի նիստում։ Համաձայն որոշման՝ հավաքներն անցկացվելու են ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։ Այդ վարժական հավաքներին կներգրավեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

ajax-loader