Վարդան Ջհանյան. պարտատոմսերի թողարկման նոր ռեկորդ կարող ենք գրանցել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Banks.am-ի հետ հարցազրույցում խոսել է պարտատոմսերի մարման գործարքի, դրանց բաշխվածության և ֆինանսավորում ներգրավելու տարբերակների մասին․ ԶՊՄԿ-ն հաջողությամբ ավարտել է Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը՝ ամբողջությամբ մարվել են ԶՊՄԿ-ի պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն դոլար և 2.5 մլրդ դրամ ծավալներով: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

Պարոն Ջհանյան, ինչպե՞ս կգնահատեք պարտատոմսերի մարման այս գործարքը:

-Պարտատոմսերը թողարկվել էին 2019 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամկետին համաձայն՝ մարեցինք դրանք: Այն շատ մեծ գործարք էր Հայաստանի ֆինանսական պատմության մեջ, քանի որ իր չափերով $50 մլն-ից ավելի թողարկում ոչ պետական պարտատոմսերի չէր եղել:

Վարդան Ջհանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վարդան Ջհանյան

Համեմատության համար կարող եմ նշել, որ երկրորդ այդպիսի խոշոր պարտատոմսերի թողարկումը եղել է մոտ երեք տարի առաջ և կազմել է մոտ $15 մլն: Այս գործարքը 3 անգամ ավելի մեծ թողարկում էր, ինչով էլ այն, իսկապես, աննախադեպ էր:

«Ամերիաբանկի» կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյան ասել է, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը «ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար»: Հատկապես ինչո՞ւ էր աննախադեպ:

-Ինչպես արդեն նշեցի, իր խոշորությամբ: Աննախադեպ էր նաեւ այն առումով, որ այդ թողարկմանը մասնակցեցին եւ պարտատոմսեր գնեցին միջազգային ֆինանսական մեծ կազմակերպություններ, ինչով էլ մեր բանկային համակարգը, և ընդհանրապես, պարտատոմսերի թողարկման համակարգը ցույց տվեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վստահություն կա մեր տնտեսության, ֆինանսական շուկայի նկատմամբ:

Իսկ ինչպե՞ս է բաշխվել տեղացի եւ օտարերկրյա ներդրողների մասնակցությունը:

-Մոտավորապես 30 մլն դոլարի չափով օտարերկրյա խոշոր ներդրողներ են մասնացել թողարկմանը, ինչպիսին է, օրինակ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Բաշխվածության մնացած մասը տեղական է եղել, որոնց թվում և՛ բանկեր, և՛ ֆիզիկական անձինք կան:

Ֆինանսական միջոցների ներգրավման ի՞նչ ծրագրեր ունի ԶՊՄԿ-ն: Մասնավորապես, նախատեսո՞ւմ եք նոր պարտատոմսեր թողարկել:

-Հանրության մեջ կարծիք կա, որ խոշոր հանքարդյունաբերական կազմակերպությունները, այսպես ասած, փողի կարիք չունեն, բայց իրականում լիկվիդայնության կարիք կա՝ երկու պատճառով: Առաջինը՝ տարիներ են լինում, երբ շահութաբերությունն ընկնում է և լիկվիդայնությունը նվազում է, ուստի կարիք կա ֆինանսավորում որոնելու: Երկրորդը՝ քանի որ հանքարդյունաբերական ընկերությունները հիմնականում խոշոր կազմակերպություններ են, շատ դեպքերում լինում են խոշոր կապիտալ ծախսերի պահանջներ, իսկ դրանք շատ դժվար է ներքին ֆինանսավորման աղբյուրներից հայթայթելը: Հենց այս պատճառներով էլ պետք է դուրս գանք ֆինանսական շուկաներ, այդ թվում՝ միջազգային շուկաներ:

Վարդան Ջհանյան

Հաջորդ տարի եւ առաջիկա մի քանի տարվա ընթացքում կոմբինատն իր արտադրողականությունն ավելացնելու պլաններ ունի, ինչի հետեւանքով էլ ֆինանսավորման մեծ պահանջներ կլինեն, քանի որ մեծ կապիտալ ծախսեր ենք պլանավորում:

Ֆինանսավորում ներգրավելու տարբերակներից մեկն, իհարկե, պարտատոմսերի թողարկումն է: Վերը նշված լավ փորձն արդեն ունենք, սրա վրա հիմնվելով եթե գնանք՝ նոր ռեկորդ կգրանցենք եւ ավելի մեծ թողարկում կիրականացնենք: Բայց սա դեռ քննարկման փուլում է:

Պարտատոմսեր թողարկելուց բացի՝ ֆինանսավորում ներգրավելու ի՞նչ այլ տարբերակներ կան:

-Հայաստանի բանկերը, հատկապես՝ վերջին տարիներին, իրենց դիրքերն ավելի են ամրապնդել, և մենք, որպես երկրորդ հիմնական տարբերակ, բանկային վարկավորումն ենք դիտարկում:

ajax-loader