Ընդերքի ազդեցությունն օդի որակի վրա․ քննարկում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 2 հարց։

Խորհուրդը նախ քննարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցը։

Տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրի 12 միջոցառումից 10-ը կատարվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ են:

2022 թվականին Շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է 2,229,199,273 ՀՀ դրամ։

Ապա անդրադարձ է կատարվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների կատարողականի գնահատումները հաստատելու վերաբերյալ հարցին։

Նիստի ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանի նախաձեռնությամբ օրակարգային հարցերից զատ քննարկվել են նաև շրջակա միջավայրի ոլորտում վերջին շրջանի օրենսդրական բարեփոխումները և նոր կարգավորումները, որոնք ենթադրում են տեսչական մարմնի առավել ներգրավվածություն և ծանրաբեռնվածության ավելացում։

Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների ապահովմանը և վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ։

Նախարարը խնդրել է առավել խիստ լինել և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարությունների ժամանակ Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքի դրույթների կիրարկումը:

ajax-loader