ԱՄՆ-ն այլևս առաջատար չէ միլիոնատերերի ներհոսքով, առաջին տեղում ԱՄԷ-ն է

Ունեւոր մարդկանց համար ամենագրավիչ ուղղությունների շրջանում ԱՄՆ-ը կորցրել է իր առաջատար դիրքը։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ներդրումային ներգաղթի ոլորտում մասնագիտացած լոնդոնյան Henley & Partners խորհրդատվական ընկերության հետազոտությունը։

Վերջինիս տվյալներով՝ մինչհամավարակային ցուցանիշի համեմատ 2022 թվականին միլիոնատերերի ներհոսքն ԱՄՆ նվազել է 80%-ով։ Դեռեւս 2014 թվականին Միացյալ Նահանգները երկիր ժամանող հարուստների թվով առաջատարն էր, մինչդեռ անցած տարի երկիրը իջել է վեցերորդ տեղ՝ զիջելով Արաբական Միացյալ Էմիրություններին, Ավստրալիային, Սինգապուրին, Կանադային եւ Շվեյցարիային, նշել են Henley & Partners-ում։

Միաժամանակ, աճել է մեծահարուստների արտահոսքը ԱՄՆ-ից։ «Մարդիկ դեռեւս ժամանում են, սակայն ԱՄՆ-ը լքողների թիվը զգալիորեն աճել է»,- Bloomberg-ին ասել է New World Wealth-ի հետազոտական բաժնի ղեկավար Էնդրյու Ամոյլսը, ով մասնակցել է հետազոտությանը:

Առավել նկատելի է հարուստ ռուսաստանցիների, չինացիների եւ հնդիկների արտահոսքը։ Հեռացողներից շատերը 50-ից 60 տարեկան են, ովքեր իրենց որոշումը վերագրում են հարկային կամ անվտանգության խնդիրներին, նշել է Ամոյլսը: Ունեւոր մարդկանց շրջանում ԱՄՆ-ի գրավչության նվազումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ շատ հարուստ ամերիկացիներ «աննախադեպ արագությամբ» նոր հնարավորություններ են փնտրում այլ երկրներում, ասված է հետազոտության մեջ։

«Նախկինում ներդրումային միգրացիայի ծրագրերը հիմնականում գրավիչ էին ռուսաստանցիների, չինացիների, արաբների եւ զարգացող երկրների բնակիչների համար, ովքեր ունեին թույլ անձնագրեր, մուտքի սահմանափակ հասանելիություն եւ տնտեսական ցածր շարժունակություն», – Bloomberg-ին ասել է Հյուսիսային Ամերիկայում Henley & Partners-ի ղեկավար Մեհդի Քադիրին: Այժմ իրավիճակը փոխվել է՝ ընկերության հաճախորդների մեծ մասը զարգացած երկրներից են, նշել է նա։

Միլիոնատերերը կարող են իրենց թույլ տալ ազատ շրջել աշխարհով մեկ, ուստի նրանց տեղաշարժը կարող է լինել տնտեսության կամ հասարակության առողջության բարոմետր՝ ներկայացնելով «տագնապալի վաղ ազդանշան» երկրում ապագա միտումների համար, եզրափակել է Քադիրին:

ajax-loader