Շվեյցարական UBS-ը ձեռք է բերել մրցակից Credit Suisse բանկը

Շվեյցարական UBS բանկի կողմից մրցակից Credit Suisse բանկի ձեռքբերումից հետո Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ բանկերն «ապահով» են: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ կարգավորող մարմիններն ամեն բան անում էին, որպեսզի գործարքը կայանա:

Գործարքը կնքվել է համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության հետ կապված մտավախությունների ֆոնին՝ հաշվի առնելով օրերս ամերիկյան երկու բանկերի սնանկացումը:

BBC-ն նշում է, որ չնայած կարգավորող մարմինների կողմից ձեռնարկված հապճեպ գործողություններին՝ ֆոնդային շուկաները Բրիտանիայում և Ասիայում անկում են գրանցել:

Իր հերթին RTS հեռուստաընկերությունը հայտնել է, որ Credit Suisse բանկի արժեթղթերը նվազել են 63,7 %-ով, իսկ UBS բանկինը՝ 8,77 %-ով:

Շվեյցարիայի ազգային բանկը հայտարարել է, որ Credit Suisse-ին փրկելու գործարքը լավագույն միջոցն էր՝ վերականգնելու վստահությունը ֆինանսական շուկաների հանդեպ և կառավարելու տնտեսությանը սպառնացող վտանգները:

Գործարքը գնահատվել է 3,15 մլրդ դոլար:

BBC-ն նշում է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ փորձագետները չեն կանխատեսում, որ 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամը կկրկնվի:

ajax-loader