Հարավկորեական տեխնոլոգիական «Samsung» ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող «Tesla»-ի համար միկրոէլեկտրոնիկա արտադրելու նպատակով, հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
Նրա տվյալներով՝ համաձայնագրի գումարը կազմում է 16,5 միլիարդ դոլար և այն նախատեսված է մինչև 2033 թվականի վերջ։
Ըստ գործակալության՝ «Tesla»-ի հետ նոր պայմանագիրը կնքվել է այն բանից հետո, երբ «Samsung»-ը կորցրել էր իր դիրքերը միկրոչիպեր արտադրողների շուկայում։ Ներկայումս ընկերությունը բավարար պատվերներ չի ստանում իր միկրոէլեկտրոնիկայի արտադրական հզորություններն ամբողջությամբ բեռնելու համար, ի տարբերություն թայվանական TSMC-ի, որն իր արտադրանքի նկատմամբ մեծ պահանջարկի պատճառով չի հասցնում ժամանակին կատարել բոլոր պայմանագրային պարտավորությունները։ Միկրոսխեմաներ արտադրող երկու ընկերություններն էլ պատրաստվում են անցնել 2 նանոմետրանոց չիպերի արտադրության։