Nissan-ը պարտատոմսեր կթողարկի

Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co.-ն պատրաստվում է թողարկել փոխարկելի պարտատոմսեր 150 միլիարդ իենի (շուրջ 1.04 միլիարդ դոլար) չափով՝ բիզնեսի վերակազմավորման ծրագրի ֆինանսավորման նպատակով։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ներգրավվող միջոցներն ուղղվելու են նոր ապրանքների և տեխնոլոգիաների ներդրմանը։

Reuters-ի տվյալներով՝ Nissan-ը նախատեսում է լրացուցիչ 4 միլիարդ դոլարի պարտատոմսերի թողարկում դոլարով և եվրոյով՝ իր վարկային պարտավորությունների մարումը ապահովելու նպատակով։ Ընկերությունը մտադիր է վաճառել 5, 7 և 10 տարվա մարման ժամկետ ունեցող պարտատոմսեր դոլարով, ինչպես նաև 4 և 8 տարվա մարման ժամկետ ունեցող պարտատոմսեր եվրոյով։

2024 թվականի մայիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ Nissan-ը, որին առաջիկա տարում մեծ պարտքային վճարումներ են սպասվում, դիտարկում է ավելի քան 1 տրիլիոն իեն (մոտ 6.9 միլիարդ դոլար) ներգրավելու հնարավորությունը՝ պարտատոմսերի թողարկման և ակտիվների վաճառքի միջոցով։

Nissan-ի գլխավոր գործադիր տնօրեն Այվան Էսպինոսան, որն ապրիլից ղեկավարում է ընկերությունը, նախկինում հայտարարել էր աշխատատեղերի 15%-ի կրճատման և յոթ գործարանի փակման ծրագրի մասին։ Այս քայլերը, ըստ ընկերության, կթույլատրեն երկու տարվա ընթացքում խնայել մոտ 500 միլիարդ իեն (շուրջ 3.4 միլիարդ դոլար)։

ajax-loader