Lufthansa-ն դադարեցրել է չվերթներն Իրան էսկալացիայի պատճառով

Lufthansa գերմանական ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է չվերթներն Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ Մերձավոր Արեւելքում սրացման բարձր ռիսկի պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։

Lufthansa-ն տեղեկացրել էր, որ դադարեցնում է չվերթները Թեհրան՝ նկատի ունենալով թեժացման զգալի վտանգը տարածաշրջանում այն բանից հետո, երբ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը իսրայելական հարված էր հասցվել, որի հետեւանքով զոհվել են իրանցի զինվորականներ, ներառյալ մի քանի գեներալներ։ Թեհրանը դրանում մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին։

Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին հայտնել է, որ «Իսրայելը պետք է պատժվի եւ կպատժվի»։

«Մենք մշտապես հետեւում ենք Մերձավոր Արեւելքի իրավիճակին եւ սերտ կապ ենք պահպանում իշխանության մարմինների հետ։ Մեր հաճախորդների եւ անձնակազմի անդամների անվտանգությունը մեր բարձրագույն առաջնահերթությունն է»,- մեկնաբանել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Lufthansa-ն եւ նրա Austrian Airlines դուստր ընկերությունը միակ արեւմտյան ավիագծերն են, որոնք միջազգային չվերթներ են կատարում Թեհրան։ Չվերթների մեծ մասը իրականացվում է ընկերությունների կողմից Թուրքիայից եւ Մերձավոր Արեւելքից։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը Իսրայելին կարող է հարվածել առաջիկա օրերին։

ajax-loader