Երևանը կանդամակցի ամենամեծ բնապահպանական կառույցներից մեկին․ Տիգրան Ավինյանն ընդունել է ICENCA հյուրերին

Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել անդամակցելու ամենամեծ բնապահպանական կազմակերպություններից մեկին՝ Բնության պահպանության միջազգային միությանը (ԲՊՄՄ/IUCN)։

Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանում անցկացվող ԲՊՄՄ համայնքի (ICENCA) հանդիպման մասնակիցները ջերմ ընդունելության են արժանացել Երևանի պատմության թանգարանում, որտեղ նրանց ողջունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բարի գալուստ Երևան, սիրելի հյուրեր։ Մենք իսկապես ուրախ ենք անդամակցելու ԲՊՄՄ-ին, մենք գիտակցում ենք արժեքը, որն իրենից ներկայացնում է այն։ Երեք տարի աշխատելով Կառավարությունում, ես լավ գիտեմ, թե Երևանը որքան խորությամբ է ներգրավված բնապահպանական ծրագրերում և ինչ աշխատանքներ են իրականացվում։ Մենք ցանկանում ենք ոչ միայն ֆորմալ առումով միանալ այս թիմին, այլև քայլ առ քայլ գնալ դեպի ավելի կանաչ ապագա»,- իր ելույթում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը ևս ընդգծել է ԲՊՄՄ անդամակցության կարևորությունը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա ձևավորել ռազմավարություն, զարգացնել Քաղաքապետարանի փորձագիտական և փորձի փոխանակման կարողությունները։ Նա ասել է․ «Այժմ մենք աշխատում ենք Երևանի ամենասքանչելի հատվածներից մեկը՝ Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող տարածք դարձնելու ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարանը պետք է ստանձնի պատասխանատվություն և կառուցի մեր ապագան կայուն զարգացման շուրջ»։

ICENCA համանախագահ Քրիս Մեհոնը և ԲՊՄՄ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգը մեծ սիրով ողջունել են Քաղաքապետարանի ցանկությունը անդամակցելու ԲՊՄՄ-ը՝ մաղթելով հաջողություն և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Քրիս Մեհոնը սիրով հրավիրել է Քաղաքապետարանի պատվիրակությանը մասնակցելու ԲՊՄՄ տարածքային բնապահպանական ֆորումին, որը տեղի կունենա հաջորդ տարի՝ 2024-ին։ Բորիս Էրգը կարևորել է նախաձեռնությունը նաև այն կայուն ապագայի տեսանկյունից, որին ցանկանում է հասնել Երևանը։

FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, որպես ԲՊՄՄ անդամակցող կառույցի ղեկավար և համակարգող պատրաստակամություն է հայտնել աջակցելու Քաղաքապետարանին․ «Ոչ միայն ես, այլև ԲՊՄՄ ընտանիքը, որը գտնվում է այստեղ մեզ հետ»,- ասել է նա։

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում ընթանում է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Հոկտեմբերի 17-ին համաժողովի մասնակիցների խումբը եղել է Խոսրովի անտառ պետական արգելոցի այցելուների կենտրոն, ինչպես նաև շրջել է Գոռավանի ավազուտների արգելավայրում։ Մասնակիցների համար Հայաստանի կենսաբազմազանությունը շատ հետաքրքիր և ուշադրության արժանի է եղել։

ajax-loader