Guardian․ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է գերի նավաստիներին գրված 260 տարվա նամակների թաքստոց

260 տարի առաջ բրիտանացի զինվորների կողմից գերված ֆրանսիացի նավաստիների հարազատների եւ մերձավորների նամակների թաքստոց է հայտնաբերվել, դրանք բացվել եւ առաջին անգամ ընթերցվել են Մեծ Բրիտանիայի արխիվում, տեղեկացրել է Guardian թերթը։

«Ֆրանսիացի նավաստիներին ավելի քան 260 տարի առաջ ուղարկված սիրո նամակների մոռացված փաթեթը, որը մինչ այժմ երբեք բացված եւ կարդացված չի եղել, հայտնաբերվել է բրիտանական ռազմածովային արխիվներում՝ բացահայտելով XVIII դարի ամուսնական եւ ընտանեկան կյանքի ինտիմ մանրամասները»,- գրել է պարբերականը։

Նամակները նախատեսված էին ֆրանսիական «Գալաթեա» նավի անձնակազմի համար, որը կալանավորվել էր բրիտանացիների կողմից 1758թ. յոթնամյա պատերազմի ժամանակ։ Տեղի իշխանությունները, ստանալով բանտարկյալների հարազատների նամակները, պարզել են, որ նամակագրության մեջ ռազմական արժեք չկա եւ դրանք թողել են պահարաններում։ Չկարդացված նամակները մոռացվել են այնքան ժամանակ, մինչեւ որ դրանք պատահաբար գտել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ռենո Մորյեն Լոնդոնի Ազգային արխիվում։

Նշվել է, որ դրանք հիմնականում ռոմանտիկ նամակներ են, սիրային վեճեր, ինչպես նաեւ մայրերի հուզիչ նամակներ նավաստի որդիներին։ Երիտասարդ նավաստի Նիկոլա Քենելի մայրը, օրինակ, նրան գրել էր, որ որդին հարսնացուին ավելի շատ է գրում, քան իրեն։

ajax-loader