Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է Global Financial Innovation Network-ին (GFIN)՝ նպատակ ունենալով ամրապնդել կարգավորման կարողությունները եւ խթանել ֆինանսական ոլորտում նորարարական լուծումները միջազգային համագործակցության միջոցով:
GFIN-ը միջազգային բնույթի համագործակցային հարթակ է, որի առաքելությունն է՝ միավորել ֆինանսական ոլորտի կարգավորող մարմիններին՝ ապահովելու նորարարական գիտելիքների փոխանակումը եւ ստեղծելու արդյունավետ վերահսկողական մոտեցումներ ֆինանսական ծառայություններում կիրառվող ավանդական եւ նոր զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ։
GFIN-ը խթանում է ֆինանսական ներառականությունն ու կայունությունը՝ միաժամանակ նպաստելով նորարարական ընկերությունների եւ կարգավորող մարմինների միջեւ փոխըմբռնման բարձրացմանը։
ԿԲ-ից հայտնում են, որ GFIN-ին միանալը ապահովում է մի շարք ռազմավարական հնարավորություններ․
«Նորարարությունների խթանում՝ առանց կարգավորման ռիսկերի։ ԿԲ-ն հնարավորություն կունենա մասնակցել sandbox նախագծերին՝ վերահսկելի միջավայրում գնահատելով նոր տեխնոլոգիաների ու ծառայությունների ազդեցությունը։
Համաշխարհային փորձի հասանելիություն՝ մեր մասնագետները կկարողանան օգտվել աշխարհի առաջատար կարգավորող մարմինների փորձից, ուսումնասիրել հաջողված ռազմավարությունները եւ գնահատել կիրառելիությունը հայկական շուկայի համար։
Սահմանների միջեւ համակարգման հարթակ՝ GFIN-ը թույլ է տալիս արդյունավետ լուծել միջազգային բնույթի խնդիրները՝ ստեղծելով համահունչ եւ ներդաշնակ կարգավորող միջավայր։
Նոր զարգացող ռիսկերին դիմակայություն՝ ԿԲ-ն ձեռք կբերի գործիքներ ու մեխանիզմներ, որոնք թույլ կտան կանխել կիբեռսպառնալիքները, զեղծարարությունները եւ տվյալների չարաշահումները՝ նախքան դրանք կդառնան համակարգային խնդիրներ։
Կարգավորող կարողությունների զարգացում՝ GFIN-ը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ եւ քննարկումներ, որոնք կօգնեն ամրապնդել ԿԲ աշխատակիցների մասնագիտական կարողությունները՝ հատկապես ֆինանսական տեխնոլոգիաների եւ SupTech-ի ոլորտներում»։