Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին մակակներին կվախեցնեն ստվարաթղթով և ճիչերով

Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանի իշխանությունները ծրագրում են «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ մակակներին վախեցնել ստվարաթղթից պատրաստված լանգուրներով և հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կնմանակեն նրանց աղաղակը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Անտառտնտեսության վարչությանը։

Մակակները մշտապես հոգսեր են պատճառում քաղաքային իշխանություններին։ Նրանք մեծ խմբերով տեղավորվում են զբոսաշրջիկների շրջանում տարածված օբյեկտներում կամ մարդաշատ վայրերում՝ դրանով իսկ խանգարելով տրանսպորտի երթևեկությանը: Հաճախ են կենդանիների ագրեսիվ պահվածքի դեպքերը, երբ նրանք կերակուր են գողանում մարդկանցից։ Այս առումով քաղաքային իշխանությունները խնդրի լուծման ուղիներ են փնտրում արդեն մի քանի տարի։

Գագաթնաժողովի ընթացքում քաղաքի վարչակազմն Անտառտնտեսության վարչության հետ համատեղ որոշել է գործի դնել լանգուրների՝ Հնդկաստանում կապիկների երկրպագվող տեսակի կերպարը, որից մակակները վախենում են:

Հնդկաստանը «Մեծ քսանյակի» նախագահությունը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 9-10-ը։ Դրան հրավիրված են «քսանյակի» բոլոր ղեկավարները, ինչպես նաև ևս 9 երկրների՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Իսպանիայի, Մավրիկիոսի, Նիգերիայի, Նիդերլանդների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի և Սինգապուրի ղեկավարները:

ajax-loader