Հոկտեմբերի 26-29-ը Երեւանում կանցկացվի Fintech360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ:
Յունիբանկից հայտնել են, որ համաժողովին փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները եւ ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաեւ նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը:
Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի եւ Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում:
Fintech360 ծրագրում ներառված են ելույթներ եւ պանելային քննարկումներ ամենաարդիական թեմաներով.
• Հաճախորդների թվային պրոֆիլներ: Ինչպե՞ս է onboarding-ը լուծում թվային բիզնեսի խնդիրները:
• Հաճախորդների հավատարմության կառավարում, բանկային էկոհամակարգեր եւ BNPL ծառայություններ:
• Մոբայլ հավելվածներ՝ բրոքերային ծառայությունների եւ ներդրումների համար:
• Open Banking եւ Open API:
• Կիբերանվտանգություն եւ անձնական տվյալների պաշտպանություն:
• Միջսահմանային դրամական փոխանցումներ եւ վճարումներ. նոր ռազմավարություններ:
• Ինչպե՞ս է Web 3.0-ն ազդում թվային հասանելիության վրա: Բլոկչեյն եւ NFT շուկաների զարգացումը:
• e-Commerce. հիմնական շարժիչ ուժը եւ աճի հեռանկարները:
• ESG եւ անցում դեպի կանաչ ֆինանսներ, climate finance:
• Թվային բանկ ՓՄՁ-ների համար:
«Այս տարի Հայաստանը նշում է դրամի 30-ամյակը, եւ համաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին կներկայացվի նաեւ ազգային արժույթի ստեղծման, ներդրման եւ զարգացման պատմությունը։
Համաժողովի ծրագիրն ավանդաբար ներառում է գործնական եւ ժամանցային մասերը։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղեւորություններ Հայաստանի տեսարժան վայրեր եւ, իհարկե, ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաեւ հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակի տոնակատարությանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում։
Համաժողովի ծրագրի եւ գրանցման համար այցելել fintech360.io կայք: