ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել պայմանավորվել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ «Սիբիրի ուժը-2» գազատարի շինարարության մասին վերջերս Պեկին կատարած իր այցի ժամանակ, Financial Times-ին պատմել են հարցին ծանոթ աղբյուրները։
Նրանց խոսքով՝ դա տեղի է ունեցել գլխավորապես Պեկինի պահանջի պատճառով գազի ապագա մատակարարումների գնի հետ կապված։ Չինաստանը ցանկանում է Ռուսաստանից գազ գնել «խիստ սուբսիդավորվող» ներքին ռուսական գներով, ինչը Մոսկվան համարել է «չհիմնավորված», նշել են FT-ի զրուցակիցները։
Պեկինը նաեւ հասկացրել է, որ մտադիր է գնել տարեկան 50 մլրդ խորանարդ մետր գազի միայն ոչ մեծ մասը, որոնք Մոսկվան ցանկանում է մատակարարել «Սիբիրի ուժը-2»-ով։
Քանի որ գազատարի վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել, ռուսական խոշոր բանկերից մեկի դեռ չհրապարակված հաշվետվությունում, որին ծանոթացել է FT-ն, գազատարը հանվել է «Գազպրոմի» բազային կանխատեսումից։ Դա հանգեցրել է սպասվող շահույթի նվազման մոտ 15 տոկոսով 2029թ., երբ, համաձայն բանկի հաշվարկների, գազատարը պետք է գործարկվեր։
Ռուսաստանն արդեն Չինաստան գազը մատակարարում է զգալի զիջումներով։ ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության մակրոտնտեսական կանխատեսմամբ՝ մինչեւ 2027թ. ռուսական գազը Չինաստանի համար 28 տոկոսով ավելի էժան կլինի, քան Եվրոպայի եւ Թուրքիայի սպառողների համար։ 2024թ. արտահանման գինը չինական շուկայի համար կկազմի հազար խորանարդ մետրը 257 դոլար՝ եվրոպական եւ թուրքական շուկաների 320,30 դոլարի դիմաց։ Բայց հաջորդ երեք տարիներին տարբերությունը կսկսի ավելանալ։ 2025թ. գինը Չինաստանի համար կլինի 243,7, իսկ Եվրոպայի եւ Թուրքիայի համար՝ 320,1 դոլար, 2026-ին՝ 233 եւ 320, իսկ 2027-ին՝ 227,8 եւ 315,4 համապատասխանաբար։
Ռուսաստանը Չինաստան գազ արտահանում է «Սիբիրի ուժը» գազատարով, առավելագույն նախագծային հզորությունը՝ տարեկան 38 մլրդ խորանարդ մետր։ 2023թ. արտահանման ծավալը հասել է 22,7 մլրդ խորանարդ մետրի։ «Գազպրոմն» ակնկալում է , որ «Սիբիրի ուժը» լրիվ հզորությամբ կգործի 2025թ.։
Ռուսաստանը նաեւ Չինաստանին առաջարկում է կառուցել «Սիբիրի ուժը-2» գազատարը, որով գազը Յամալից կմատակարարվի չինական շուկա։ Խողովակաշարի երկարությունը կկազմի 3 550 կիլոմետր, որից 950-ն անցնելու է Մոնղոլիայի տարածքով։
Սակայն Չինաստանը չի ցանկանում ներդրումներ կատարել նոր գազատարում եւ Ռուսաստանին առաջարկում է ինքնուրույն վճարել բազմամիլիարդ նախագիծը, գրել է The South China Morning Post-ը՝ հղում կատարելով Մոսկվայի աղբյուրին։ Ընդ որում, Ռուսաստանն ընտրություն չունի, քանի որ եվրոպական շուկայի փաստացի կորստից հետո երկիրը գազի «հսկայական ծավալներն» ուղարկելու տեղ չունի։ Այդ պատճառով անցած տարի «Գազպրոմն» արդեն մեկ քառորդով կրճատել է արդյունահանումը, ինչը ռեկորդային է պետական մոնոպոլիայի պատմության մեջ։